Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն նախագահական ընտրություններում 80% ընտրողների ձայների հաշվարկով 51,2% քվե է ստացել, երկրի ընդդիմությունը պատրաստվում է բողոքարկել արդյունքները, հայտնում է Kommersant-ը։
Նրա հիմնական մրցակից Էդմունդո Գոնսալեսը ստացել է ձայների 44,2%-ը, մյուս 8 թեկնածուների օգտին քվեարկել է ընտրողների 4,6%-ը:
Արգենտինան, Պերուն և Չիլին չեն ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաղթող է ճանաչել Գոնսալեսին: Պերուի ԱԳ նախարար Խավիեր Գոնսալես-Օլաեչեան քվեարկությունը «ժողովրդական կամքի դեմ ոտնձգություն» է անվանել: Չիլիի արտաքին գործերի նախարար Ալբերտ վան Կլավերենին հայտարարել է, որ Մադուրոյի հաղթանակը չեն ճանաչի այնքան ժամանակ, մինչև միջազգային դիտորդները չհրապարակեն իրենց եզրակացությունները:
Մադուրոյի հաղթանակը չի ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը։ Ընդդիմության առաջնորդներից Կորինա Մաչադոյի խոսքով՝ ընդդիմությունը Գոնսալեսին է երկրի ընտրված նախագահ համարում։ Մաչադոն հայտնել է, որ ընդդիմությունը կբողոքարկի ընտրությունների արդյունքները։ Նրա խոսքով՝ Գոնսալեսը նախագահական ընտրություններում ոչ թե 44,2%, այլ 70% է հավաքել։