«Հեզբոլլահը» հայտարարել է, որ պատասխան հարված է հասցրել Իսրայելին՝ հարավային Բեյրութում գտնվող իր կենտրոնակայանի վրա ավիահարվածից հետո, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։ Կազմակերպության ղեկավարության աղբյուրը Sky News Arabia հեռուստաընկերությանը հայտնել է, որ մահապարտ անօդաչու թռչող սարքեր են արձակել Վերին և Արևմտյան Գալիլեայի ուղղությամբ:
Հուլիսի 30-ին Իսրայելն ավիահարված էր հասցրել Բեյրութի հարավային արվարձանին՝ թիրախավորելով «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերին։ Նրա մահվան մասին հակասական տեղեկություններ են ստացվել։
«ՌԻԱ Նովոստին», հղում անելով լիբանանյան շիա շարժման բարձրաստիճան աղբյուրին, հայտնել է, որ «Հեզբոլլահի» հրամանատարին ոչնչացնելու իսրայելական զինվորականների փորձն անհաջող է անցել։
«Իսրայելական հարվածներն ուղղված էին հրամանատար Ֆուադ Շուքերի սպանությանը։ Մահափորձը անհաջող էր»,- ընդգծել է նա։
Al Hadath հեռուստաալիքի տվյալներով՝ Շուքերը զոհվել է։ Հեռուստաալիքը հղում է անում հարավային Բեյրութի Բահման հիվանդանոցի բժշկական աղբյուրներին։
Իսրայելը Լիբանանի ուղղությամբ հարվածներ էր հասցրել հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծմանն ի պատասխան։ Ի սկզբանե հաղորդվում էր, որ ֆուտբոլի դաշտում հրթիռի հարվածի հետևանքով 10 մարդ է զոհվել։ Ֆուտբոլի խաղադաշտի վրա հարձակումը հաջորդել էր Լիբանանում իսրայելական հարվածին, որի հետևանքով սպանվել էին չորս զինյալներ։ Ավելի ուշ իսրայելական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հարվածի հետևանքով զոհվել է 12 երեխա և դեռահաս, վիրավորվել՝ 11 մարդ: Իսրայելցի զինվորականները հայտարարել էին, որ հրթիռն արձակվել է «Հեզբոլլահի» կողմից: Խմբավորումը չէր ստանձնել հրթիռակոծման պատասխանատվությունը։