Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հրամայել է ուղղակիորեն հարվածել Իսրայելին՝ ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության, հայտնում է New York Times-ը՝ հղում անելով աղբյուրներին:
Ըստ պարբերականի՝ Խամենեին այդ մասին հայտարարել է Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի արտակարգ նիստում՝ Հանիայի սպանությունից անմիջապես հետո։
Տեղեկությունը լրատվամիջոցին հայտնել են իրանցի երեք պաշտոնյաներ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի երկու ներկայացուցիչներ։ «Նրանք խնդրել են իրենց անունները չհրապարակել, քանի որ իրավասու չեն հրապարակայնորեն խոսել»,- գրում է պարբերականը:
Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Նա Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիայի մահից հետո Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ էին բարձրացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հանիայի մահից հետո հայտարարել էր, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: