ԱՄՆ վարչակազմը «խիստ մտահոգված է», որ պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը, ինչպես նաև խաթարել պատանդների ազատ արձակման և ռազմական գործողությունների դադարեցման շուրջ բանակցությունները Գազայի հատվածում, գրում է Axios-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Հրատարակությունը նշում է, որ Հանիան սպանվել է հուլիսի 30-ի երեկոյան Թեհրանի կառավարական հյուրերի նստավայրում։
Ավելի վաղ նա ժամանել էր Իրանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկրի նոր նախագահի երդմնակալության արարողությանը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցչի խոսքով՝ հրթիռը հարվածել է ննջասենյակին, որտեղ գտնվում էր Հանիան։ ՀԱՄԱՍ-ը և Իրանը մեղադրել են Իսրայելին Հանիայի սպանության համար և հայտարարել են, որ պատասխան գործողությունների են դիմելու: Վարչապետի աշխատակազմը և Իսրայելի պաշտպանության նախարարությունը հրաժարվել են մեկնաբանություններից:
Axios-ը գրում է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները մտահոգված են, որ Թեհրանում սպանությունը կարող է շատ ավելի դժվարացնել տարածաշրջանային պատերազմի կանխումը։ «Երեքշաբթի օրը Բեյրութում իսրայելական հարվածից հետո, որը սպանեց «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատարին, Բայդենի վարչակազմի պաշտոնյաները զգացին, որ եթե նույնիսկ «Հեզբոլլահը» պատասխանի, դա կլինի այնպես, որ չհանգեցնի համապարփակ պատերազմի», – ասվում է հրապարակման մեջ:
Սակայն Հանիայի սպանությունը ստեղծեց «շատ ավելի վտանգավոր իրավիճակ էսկալացիայի ավելի մեծ պոտենցիալով», – ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ նա «շփոթված է» Իսրայելի կողմից Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանությունից և դրա ժամանակից: «ԱՄՆ պաշտոնյաները մտահոգված են, որ Բեյրութում «Հեզբոլլահի» գլխավոր խորհրդականի սպանությունը, ինչպես նաև Թեհրանում Հանիայի սպանությունը, կարող են ճնշումների կրիտիկական զանգված ստեղծել Իրանի, «Հեզբոլլահի» և այլ վստահված անձանց վրա՝ ստիպելով նրանց պատասխանել շատ ավելի ուժգին, քան սկզբում ծրագրված էր»,- ասվում է հրապարակման մեջ։
Վարչակազմի պաշտոնյան նաև ասել է, որ Բայդենի վարչակազմը ընդունում է, որ Հանիան «վատ տղա» է, բայց միևնույն ժամանակ, «լուրջ մտավախություններ կան, որ այս սպանությունը կարող է տապալել պատանդների ազատ արձակման և հրադադարի շուրջ բանակցությունները» Գազայի հատվածում։
Կատարի վարչապետ Մուհամեդ բեն Աբդուլ Ռահման ալ-Թանին, ով հանդիսանում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև անուղղակի բանակցություններում հիմնական միջնորդը, մտահոգություն է հայտնել Գազայի հատվածում հրադադարի և պատանդների ազատ արձակման վերաբերյալ գործարքի ապագայի վերաբերյալ, նշում է պարբերականը։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: