ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան սպանվել է Թեհրանի տներից մեկում երկու ամիս առաջ տեղադրված ռումբով, գրում է New York Times-ը։
Ըստ հրապարակման՝ խստորեն պահպանվող այդ շենքը Հանիան բազմիցս այցելել է։ Պարբերականը, վկայակոչելով Մերձավոր Արևելքի անանուն պաշտոնյաներին, գրում է, որ տեղադրված ռումբը գործի է դրվել Հանիայի՝ տեղում գտնվելու հաստատումից անմիջապես հետո։
Հանիայի մահվան օրը նախ հաղորդվել էր, որ շենքը խոցվել է հրթիռով, ապա տեղեկություններ էին տարածվել, որ այն կառավարվող ռումբ էր։
Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում իրենց նստավայրի գնդակոծության հետևանքով: Նա Թեհրան էր ժամանել Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: ՀԱՄԱՍ-ում հաստատել են, որ Հանիան սպանվել է իսրայելական հարվածի հետևանքով։ Հանիայի մահից հետո Իրանի Ղոմ քաղաքի Ջամքարան մզկիթի գմբեթի վրա վրեժխնդրության կարմիր դրոշ էին բարձրացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը Հանիայի մահից հետո հայտարարել էր, որ երկիրը կպաշտպանի իր ինքնիշխանությունը և ահաբեկիչներին կստիպի զղջալ արարքի համար։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր բնակավայրի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: