ԱՄՆ-ն Վենեսուելայի ընտրություններում հաղթող է ճանաչել ընդդիմադիր Էդմունդո Գոնսալեսին և Վենեսուելայում «իշխանության խաղաղ անցման» կոչ արել, տեղեկանում ենք ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Պետքարտուղարության կայքում հրապարակված հայտարարությունից։
Բլինքենը մատնանշել է քվեաթերթիկների մշակման ժամանակ «լուրջ սխալների» մասին։ Նա ընդգծել է, որ Վենեսուելայի Ազգային ընտրական խորհուրդը գործող նախագահ Նիկոլաս Մադուրոյին հաղթող է հայտարարել՝ առանց ապացույցներ ներկայացնելու: Քվեների 100% հաշվարկի արդյունքները, Բլինքենի խոսքով, մինչ օրս չեն հրապարակվել, ինչը հայտարարված արդյունքը զրկում է «որևէ վստահությունից»։
«Մենք շնորհավորում ենք Գոնսալեսին հաջող նախընտրական քարոզարշավի համար։ Այժմ ժամանակն է, որ վենեսուելական կուսակցությունները սկսեն քննարկել իշխանության հարգալից, խաղաղ անցումը։ Մենք լիովին աջակցում ենք Վենեսուելայում ժողովրդավարական նորմերի վերականգնման գործընթացին և պատրաստ ենք մեր միջազգային գործընկերների հետ քննարկել դրա հետագա զարգացման ուղիները»,- ասվում է ԱՄՆ պետքարտուղարի հայտարարության մեջ։
Վենեսուելայում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել հուլիսի 28-ին, որի արդյունքներով Մադուրոն ստացել է ընտրողների ձայների 51․2%-ը։ Նրա հիմնական մրցակից Գոնսալեսն ստացել էր ձայների 44․2%-ը։ Արգենտինան, Պերուն և Չիլին չէին ճանաչել Մադուրոյի հաղթանակը։ Մադուրոյի հաղթանակը չէր ճանաչել նաև Վենեսուելայի ընդդիմությունը ու հայտարարել էր, որ բողոքարկելու է արդյունքները։