Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը նախազգուշացրել է իսրայելցիներին խուսափել 40 երկիր ճանապարհորդելուց, հայտնում է Times of Israel-ը։
Երկրի ԱԱԽ-ն միջին և բարձր սպառնալիքի մակարդակ ունեցող երկրների ցանկ է կազմել, և իսրայելցիներին կոչ արել լրացուցիչ նախազգուշական միջոցներ ձեռնարկել այդ երկրներում, այդ թվում՝ խուսափել իսրայելական կամ հրեական ինքնության ցուցադրումից։
«ՀԱՄԱՍ արմատական շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիայի և «Հեզբոլլահի» հրամանատար Ֆուադ Շուքերի մահերից հետո Իրանը, «Հեզբոլլահը» և ՀԱՄԱՍ-ը հայտարարել են վրեժ լուծելու մասին»,- ասված է խորհրդի հայտարարության մեջ։
Արտասահմանյան ուղևորություններ պլանավորելիս խորհուրդ են տվել ընտրել այն չվերթները, որոնց երթուղիները չեն հատում Լիբանանի, Իրանի, Սիրիայի, Եմենի և Իրաքի օդային տարածքը, ինչպես նաև այն երկրները, որոնց նկատմամբ հայտարարվել է վտանգի բարձր մակարդակ և որոնք դիվանագիտական հարաբերություններ չունեն Իսրայելի հետ։ Այդ երկրների թվում են Աֆղանստանը, Լիբիան, Սոմալին, Պակիստանը և Ալժիրը։
Հուլիսի 31-ին ԶԼՄ-ները հայտնել էին, որ իսրայելական հարձակման հետևանքով սպանվել է «Հեզբոլլահի» հրամանատարը, որին մեղադրում էին հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։ Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի նախագահ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով: