Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներից Գարո Գաբրիելյանը Թուրքիայի արևմտյան հատվածում՝ Մարմարա ծովի վրա գտնվող Քընալըադա կղզում, ենթարկվել է ռասիստական հարձակման, հայտնում է Ermenihaber.am-ը՝ հղում անելով «Ակօսին»:
Հարձակման հետևանքով Գաբրիելյանը կոտրվածք է ստացել, իսկ դեմքի շրջանում բազմաթիվ կապտուկներ են առաջացել: Տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանությունում գործ է հարուցվել:
Ըստ թերթի՝ դեպքը տեղի է ունեցել կղզու խանութներից մեկում: Խանութի աշխատակիցները, ովքեր հողազավթման պատճառով դիտողություն են ստացել Գաբրիելյանի կողմից, վերջինիս հասցեին ռասիստական և սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել և ծեծի ենթարկել։
Գաբրիելյանը «Ակօսին» հայտնել է, որ իրենք տարիներ առաջ այդպիսի խնդիր չեն ունեցել, սակայն վերջին 2 տարում տեղի ունեցող նմանատիպ դեպքերը արդեն շատ են անհանգստացնում: «Զավթեցին մայթերն ու բնակարանիս մուտքը: Ես խանութի կողմից բռնազավթած տարածքների մասին տեսանյութեր և լուսանկարներ էի արել: Այդ պահին խանութի մի աշխատակից փորձեց հարձակվել, այլ աշխատակիցներ միջամտեցին: Դրանից հետո, երբ պիտի մտնեի տուն, դռան մոտ ենթարկվեցի հարձակման»,- նրա խոսքերն է մեջբերում պարբերականը:
Պարբերականը նշում է նաև, որ պոլսահայ գործչին ծեծի ենթարկելու դեպքին արձագանքել են մի շարք քաղաքացիական կազմակերպություններ՝ բողոքի ակցիաներ իրականացնելով:
Ստամբուլում լույս տեսնող «Ակօս» պարբերականի հայալեզու էջերի խմբագիր Բագրատ Էստուկյանն Armenia Today-ին հայտարարել էր, որ թուրք ժողովրդի մեջ հայերի նկատմամբ թշնամանք կա, սակայն դա սրսկվել է երկրի իշխանությունների կողմից։ «Թուրքիայի պետական միտքը գիտի, որ հայ համայնքը Թուրքիայի քաղաքացիներ են, բայց համայնքի նկատմամբ ճնշում չկա, առօրյա կյանքի մեջ լուրջ խնդիրներ չկան: Ճնշումներ միգուցե կան, բայց մեր անձնական կյանքի վրա ազդող ճնշումներ չեն»,- ասել էր նա։