ԱՄՆ-ն ավիակիր հարվածային խումբ, կործանիչ էսկադրիլիա և լրացուցիչ ռազմանավեր է ուղարկում Մերձավոր Արևելք, քանի որ տարածաշրջանը պատրաստվում է Իրանի պատասխան գործողություններին՝ կապված այս շաբաթվա սկզբին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի բարձրաստիճան ղեկավարի (ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի – խմբ․) սպանության հետ, հայտնում է CNN-ը։
Իսրայելի հարվածների հետևանքով մահացել էին «Հեզբոլլահի» հրամանատար Ֆաուդ Շուքերը և ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Իսմայիլ Հանիան:
Նշվում է, որ սա ԱՄՆ ուժերի ամենամեծ տեղաշարժն է դեպի տարածաշրջան Գազայի պատերազմի սկզբից ի վեր, երբ Պենտագոնը երկու ավիակիր հարվածային խմբեր էր ուղարկել Մերձավոր Արևելք՝ հրապարակային նախազգուշացնելով տարածաշրջանային զինյալ խմբերին չընդլայնել մարտերը:
«Մենք բարձրաձայն և հստակ լսել ենք Գերագույն առաջնորդին, որ նա մտադիր է վրեժ լուծել Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության համար, և որ նրանք ցանկանում են ևս մեկ հարձակում իրականացնել Իսրայելի վրա։ Մենք չենք կարող պարզապես ենթադրել, որ մենք նույնպես կարող ենք դառնալ նման հարձակման զոհ, այնպես որ, մենք պետք է համոզվենք, որ ունենք համապատասխան ռեսուրսներ և հնարավորություններ տարածաշրջանում»,- CNN-ին ասել է Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցության համակարգող Ջոն Քիրբին։
Հուլիսի 31-ին իսրայելական հարձակման հետևանքով սպանվել էր «Հեզբոլլահի» հրամանատար Ֆաուդ Շուքերը, որին Թել Ավիվը մեղադրում էր հուլիսի 27-ին Իսրայելի կողմից վերահսկվող Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրթիռակոծման համար։ Հուլիսի 31-ին ՀԱՄԱՍ պաղեստինյան արմատական շարժման առաջնորդ Հանիան և իր թիկնապահներից մեկը զոհվել էին Թեհրանում։
Տարածաշրջանում լարվածությունը սրվել էր Մաջդալ Շամսի հրթիռակոծությունից հետո, որի հետևանքով զոհվել էր 12 երեխա և դեռահաս: