Բեյրութում ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները կոչ են արել իրենց քաղաքացիներին լքել Լիբանանը, հայտնում է РБК-ն՝ հղում անելով դիվանագիտական ներկայացուցչություններին։
«Մենք կոչ ենք անում ԱՄՆ քաղաքացիներին, ովքեր նախընտրում են չլքել Լիբանանը, նախապատրաստել արտակարգ իրավիճակների պլաններ և պատրաստ լինել երկար ժամանակով պատսպարվել այնտեղ»,- ասվում է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: Նրանք նշել են, որ մի քանի ավիաընկերություններ դադարեցրել կամ չեղարկել են թռիչքները դեպի Լիբանան, իսկ մնացածներից շատերի տոմսերը սպառվել են:
«Եթե դուք Բրիտանիայի քաղաքացի եք Լիբանանում, խորհուրդ ենք տալիս հեռանալ հենց հիմա, քանի դեռ հասանելի են կոմերցիոն թռիչքները», – ասվում է բրիտանական դեսպանատան հաղորդագրությունում:
Շվեդիայի արտաքին գործերի նախարար Թոբիաս Բիլստրյոմը TV4-ին տված հարցազրույցում հայտարարել էր Լիբանանում Շվեդիայի դեսպանատան ժամանակավոր փակման մասին՝ «անվտանգության վատթարացման» պատճառով։
Ավելի վաղ Բելգիայի, Նորվեգիայի, Ֆրանսիայի, Լատվիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հնդկաստանի, Գերմանիայի և Ղազախստանի իշխանությունները խորհուրդ էին տվել խուսափել Լիբանան մեկնելուց։
Իսրայելական բանակը հուլիսի 30-ի երեկոյան հայտարարել էր Բեյրութի վրա հարձակման մասին, որի հետևանքով սպանվել էր շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական թևի առանցքային հրամանատարներից մեկը՝ Ֆուադ Շուքերը։ Իսրայելը հայտարարել էր, որ նա սպանվել է ի պատասխան Գոլանի բարձունքներում գտնվող դրուզական Մաջդալ Շամս բնակավայրի հրետակոծման, որտեղ 12 երեխա էր զոհվել: «Հեզբոլլահը» հերքել էր իր առնչությունը հարձակմանը: