Իսրայելի պաշտպանության բանակի ռազմաօդային ուժերը օգոստոսի 5-ի գիշերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» շարժման ռազմական օբյեկտներին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով բանակի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությանը։
«Իսրայելը կործանիչներով հարվածել է զենքի պահեստին և «Հեզբոլլահի» մի քանի օբյեկտի։ Բացի դրանից՝ հրետանուց կրակ է բացվել նաև Լիբանանի հարավում գտնվող Շեբաա և Ալֆուհար թաղամասերի ուղղությամբ՝ բնակավայրերից բխող սպառնալիքը վերացնելու համար»,- նշվում է հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ-ը տեղեկացրել է Մալքիայի շրջանում անօդաչու թռչող սարքի ընկնելու մասին, որը, ըստ իսրայելական կողմի, ուղարկվել է Լիբանանի կողմից:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: