Իրանը օդաչուներին և ավիացիոն ընկերություններին նախազգուշացրել է խուսափել իր օդային տարածքից, գրում է The Wall Street Journal-ը:
Հրատարակությունը, հղում անելով իր աղբյուրներին, նշում է, որ օգոստոսի 4-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարների հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի վրա 24-48 ժամվա ընթացքում։
Բլինքենը չի մանրամասնել, թե ինչպես կարող է տեղի ունենալ հարձակումը:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել է հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» շիական շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Te New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: