Իրանը Հունգարիայի միջոցով հայտարարել է Իսրայելի վրա հարձակվելու իր մտադրության մասին, հայտնում է The Jerusalem Post-ը։
Ըստ պարբերականի՝ Իրանի ուղերձը Իսրայելին փոխանցվել է Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոյի միջոցով, որը զանգահարել է Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացին և բացատրել, որ այդ տեղեկությունը ստացել է Իրանի արտգործնախարարի ժամանակավոր պաշտոնակատար Ալի Բաղերիից։
Ավելի վաղ Իրանը օդաչուներին և ավիացիոն ընկերություններին նախազգուշացրել էր խուսափել իր օդային տարածքից։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել է հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» շիական շարժման բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Te New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: