ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը քննադատել է հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին, հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ հղում անելով The New Yorker-ին։
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Քենեդին ասել է, որ Թրամփը «սարսափելի մարդ է», «հնարավոր է՝ սոցիոպատ», նա նաև Թրամփին անվանել է Միացյալ Նահանգների «ամենավատ նախագահ»։
Հրատարակության աղբյուրների համաձայն՝ Քենեդին խոսել է նաև ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի մասին։ Նրա կարծիքով՝ Բայդենը «ավելի վտանգավոր է երկրի և մոլորակի համար»։
Քենեդին ավելի վաղ ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսին անվանել էր «պատերազմի բազեն» Չինաստանի հետ հարաբերություններում և ուկրաինական հակամարտության համատեքստում՝ նշելով, որ նա «ոչ մի ազդեցություն չի ունեցել ԱՄՆ ներքին քաղաքականության վրա՝ որպես փոխնախագահ»։
Հուլիսի 22-ին ԱՄՆ նախագահի անկախ թեկնածու Ռոբերտ Քենեդի կրտսերը նախագահ ընտրվելու դեպքում խոստացել էր պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ Լեռնային Ղարաբաղում ագրեսիայի և արցախահայության էթնիկ զտումների համար
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։