ԱՄՆ գործող փոխնախագահ Քամալա Հարիսը պաշտոնապես առաջադրվել է որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու, հայտնում է The New York Times-ը։
Կուսակցական պատվիրակների մեծ մասն աջակցել է նրան։
Դեմոկրատական կուսակցությունը պետք է իր թեկնածուին առաջադրեր օգոստոսի 19-22-ը՝ Չիկագոյում կայանալիք համագումարում:
«Այնուամենայնիվ, կուսակցության ազգային կոմիտեն որոշեց կուսակցության պատվիրակների առցանց քվեարկություն անցկացնել համագումարից երկու շաբաթ առաջ՝ օգոստոսի սկզբին, որպեսզի բաց չթողնի Օհայոյի քվեաթերթիկներում իր թեկնածուին ընդգրկելու համար փաստաթղթերի ներկայացման ժամկետները: Ըստ գործող օրենսդրության՝ ժամկետները լրանում են օգոստոսի 7-ին»,- ասված է հրապարակման մեջ։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։