Օգոստոսի 6-ին Լիբանանի հարավում գտնվող շիական «Հեզբոլլահ» խմբավորումը հարձակվել է Իսրայելի դիրքերի և ռազմական օբյեկտների վրա, գրում է IRNA գործակալությունը՝ հղում անելով իսրայելական ԶԼՄ-ներին։
«Իսրայելական տեղեկատվական աղբյուրները հաղորդել են Իսրայելի հյուսիսային մասի երկնքում «Հեզբոլլահի» մարտական անօդաչու թռչող սարքերի թռիչքի և սիոնիստական ռեժիմի բանակի դիրքերի վրա հրթիռահրետանային հարձակումների մասին»,- ասված է հրապարակման մեջ։
Ըստ աղբյուրների՝ ԱԹՍ-ների հարվածից իսրայելական բանակի զինծառայողներ են վիրավորվել:
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: