Յանգ անունով 38-ամյա չինուհին, որը կինոյի և հեռուստատեսային արդյունաբերության մեջ սցենարիստ է աշխատում, «չափազանց հոգնած» էր և տեղափոխվել էր տարեցների խնամքի կենտրոն, հայտնում է «Պրավիլա ժիզնի» ամսագիրը՝ հղում անելով China.com-ին։
Յանգի խոսքով՝ ինքը 11 տարի անընդմեջ աշխատել է Պեկինում՝ հայրենի քաղաքից ու ընտանիքից հեռու։ Հաճախ նա ստիպված է եղել ուշ ժամի մնալ աշխատավայրում և բավականին ինտենսիվ զբաղվել աշխատանքային հարցերով։ Այս ֆոնին 2023 թվականին նա հոսպիտալացվել է հյուծվածության պատճառով, որից հետո որոշել է վերանայել իր վերաբերմունքը կյանքի նկատմամբ։
Ամսական 2 հազար յուանով նրան հատկացրել են սենյակ և ճաշարան։ Բացի դրանից՝ հաստատությունը գեղատեսիլ վայրում է. այն շրջապատված է պտղատու այգով, սիրամարգերով ու եղնիկներով ֆերմայով:
Յանգը երեք ամիս է անցկացրել այնտեղ։ Նա ոչ միայն վերականգնել է ուժերը, այլև փաստագրել է տարեցների խնամքի կենտրոնի բնակիչների կյանքը: «Ես ուզում եմ բոլորին ցույց տալ, թե ինչպիսին է տարեցների համայնքն իրականում», – կիսվել է նա:
Տարեցների խնամքի կենտրոններում ապրող երիտասարդները Չինաստանում նոր երևույթ չեն։ Օրինակ՝ Հանչժոու քաղաքում նման հաստատություններից մեկը 2019 թվականից մարդկանց առաջարկում էր անվճար կացարան, եթե նրանք պատրաստ են ամսական տասը ժամ ծախսել տարեց բնակիչների խնամքի վրա: