Զբոսաշրջիկների ներհոսքի դեմ Իսպանիայի բնակիչների դժգոհությունների և բողոքների ալիքը կարող է դուրս գալ երկրի սահմաններից և տարածվել ամբողջ Եվրոպայում, Guardian պարբերականին պատմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի կայուն զբոսաշրջության ծրագրի ավագ աշխատակից Փիթեր Դեբրեյնը:
Նախորդ հանգստյան օրերին Բարսելոնայում զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ցույցերի էր դուրս եկել շուրջ 3000 մարդ, նշվում է հրապարակման մեջ։
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ներկայացուցչի խոսքով՝ երկրում բնակություն հաստատողների, ինչպես նաև զբոսաշրջիկների թվի և բնակարանների գների աճը «բալանսի խախտման են» հանգեցրել։ Նա հավելել է, որ այդ խնդիրները լուծելու անկարողության արդյունքում զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի իսպանական ալիքը կարող է տարածվել ամբողջ Եվրոպայում։
Պարբերականը հիշեցրել է Բարսելոնայի քաղաքապետ Ժաումե Կոլոնիի՝ ավելի վաղ արված հայտարարությունը, ըստ որի՝ քաղաքի իշխանությունները մտադիր են 2028 թվականի վերջին հրաժարվել զբոսաշրջային բնակարաններից: Այդ դեպքում քաղաքային խորհուրդն այլևս բնակելի տարածքները զբոսաշրջային օգտագործման համար լիցենզիաներ չի տրամադրի և չի երկարաձգի գոյություն ունեցող լիցենզիաները։ Արդյունքում՝ քաղաքի ավելի քան 10 հազար զբոսաշրջային բնակարաններ կկորցնեն այդ կարգավիճակը։