Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) հրաժարվել Իսրայելի վրա ուղիղ հարձակումներից և փոխարենը հարձակվել Իրանի հարևան երկրներում, այդ թվում՝ Ադրբեջանում գտնվող իսրայելական գաղտնի բազաների վրա, գրում է The Telegraph-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
Նշվում է, որ Իրանի իշխանությունները տարաձայնություններ են ունեցել այն հարցի շուրջ, թե ինչպես արձագանքել հուլիսի 31-ին Իրանի մայրաքաղաքում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությանը։ Միաժամանակ՝ հրատարակությունը գրում է, որ վերջնական որոշումը կկայացնի Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ղեկավարությունը ցանկանում է ուղիղ հարված հասցնել Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին՝ կենտրոնանալով ռազմական բազաների վրա՝ խաղաղ բնակչության շրջանում զոհերից խուսափելու համար: Միևնույն ժամանակ, ըստ Իրանի նոր նախագահի խորհրդականի, որի անունը չի նշվում, Փեզեշքիանը մտավախություն ունի, որ Իսրայելի վրա ցանկացած ուղղակի հարձակում «լուրջ հետևանքներ» կունենա։
Նախագահն առաջարկել է փոխարենը հարվածներ հասցնել Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական գաղտնի բազաներին: «Նա առաջարկել է Ադրբեջանում կամ [Իրաքյան] Քրդստանում Իսրայելի հետ կապված ցանկացած օբյեկտի հարվածել՝ նախապես տեղեկացնելով այդ երկրներին և վերջ տալ այս ողջ դրամային»,- ասվում է հրապարակման մեջ։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: