Շիա կուսակցությունը, որը մեծամասնություն ունի Իրաքի խորհրդարանում, առաջարկել է նվազեցնել աղջիկների ամուսնության նվազագույն տարիքը մինչև 9-ի, իսկ տղաների համար՝ մինչև 15-ի, հայտնում է Daily Mail-ը՝ հղում անելով տեղի լրատվամիջոցներին։
Կուսակցությունը պատճառաբանում է, որ անհրաժեշտ է պահպանել շարիաթի օրենքները, որոնք նրանք պարտադիր են համարում բոլոր մուսուլմանների համար:
Փոփոխությունների կողմնակիցներն ասում են, որ խոսքը գնում է իսլամական ավանդույթների և նորմերի ավելի խիստ պահպանման մասին, սակայն քննադատները նման նախաձեռնությունն անվանում են մարդու իրավունքների խախտում, ինչպես նաև հետընթաց քայլ կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության հարցում:
Ըստ աղբյուրի՝ ընդդիմությունը ցույց է անցկացրել Բաղդադում. Իրաքի որոշ քաղաքական գործիչներ և իրավապաշտպաններ հայտարարել են, որ հարկադիր ամուսնությունների թիվը կարող է աճել։
Ըստ Իրաքի գործող օրենսդրության՝ երկրում կարող են ամուսնանալ 18 տարեկանից, սակայն շատ ամուսնություններ կնքվում են ոչ պաշտոնապես և մնում են չգրանցված։