Օպերատիվ շտաբն օգնել է Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններից ավելի քան 76 հազար մարդու ժամանակավորապես տեղափոխել ավելի անվտանգ վայրեր, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով միջգերատեսչական օպերատիվ շտաբում Ռուսաստանի ԱԻՆ պաշտոնական ներկայացուցիչ Արտեմ Շարովին։
«Կուրսկի մարզի սահմանամերձ շրջաններում բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար Կուրսկում տեղակայվել և շարունակում է աշխատել միջգերատեսչական օպերատիվ շտաբ, որի աշխատանքի առաջնային ուղղությունն այդ շրջանների բնակիչներին անվտանգ վայրեր տեղափոխելն է։ Ընդհանուր առմամբ՝ տվյալ աշխատանքի մեկնարկից ի վեր անվտանգ վայրեր ժամանակավորապես վերաբնակեցվել է ավելի քան 76 հազար մարդ»,- ասել է նա։
Օգոստոսի 8-ին The Washington Post-ը գրել էր, որ Ռուսաստանի արևմտյան հատվածում մարտերն «Ուկրաինայի հարձակումից հետո» շարունակվում են։ Ըստ պարբերականի՝ ուկրաինական զորքերը գրավել են սահմանամերձ մի քանի գյուղեր և Սուջա քաղաքի մի մասը։