Բաքուն ակնկալում է, որ Թեհրանը կհերքի The Telegraph թերթի հաղորդագրությունն այն մասին, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն առաջարկել է հարված հասցնել Ադրբեջանի տարածքին, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով «պաշտոնական աղբյուրներին»:
Նշվում է, որ թերթի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները «որոշ անհանգստությամբ են ընդունվել Ադրբեջանում»: Միևնույն ժամանակ, ըստ գործակալության աղբյուրների, Ադրբեջանի կառավարական շրջանակներում հրապարակումը համարում են ֆեյք:
«Որոշ շրջանակներ սկսել են անհանգստանալ Իրանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման կապակցությամբ և ցանկանում են խափանել այդ գործընթացը»,- գրում է գործակալությունը՝ նշելով, որ դա տեղի է ունենում «այն ֆոնին, որ Իրանի նոր նախագահն ադրբեջանցի է և ջերմ վերաբերմունք ունի Ադրբեջանի նկատմամբ»:
«Լավ կլիներ, եթե իրանական կողմն արձագանքեր այդ պնդումներին, հերքեր դրանք և վերջ դներ կասկածներին»,- մեջբերում է գործակալությունը:
Ավելի վաղ The Telegraph թերթը, վկայակոչելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻՀՊԿ) առաջարկել է ի պատասխան Թեհրանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանության՝ հարվածներ հասցնել Ադրբեջանում և Իրաքյան Քրդստանում իսրայելական գաղտնի բազաներին:
Պարբերականի տվյալներով՝ Իրանի իշխանությունները տարակարծիք են այն հարցում, թե ինչպես արձագանքել Հանիայի սպանությանը, և ԻՀՊԿ ղեկավարությունը պնդում է, որ ուղիղ հարված հասցվի Թել Ավիվին և իսրայելական այլ քաղաքներին: