Իրանն առաջիկա ժամերին կարող է պատասխան տալ Իսրայելին պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար, «ՏԱՍՍ»-ին հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը։
Նա ընդգծել է, որ Պաղեստինը պատերազմ չի ցանկանում։
«Որոշումը կարող է կայացվել առաջիկա մի քանի օրերի կամ նույնիսկ մոտակա մի քանի ժամվա ընթացքում։ Առաջին հերթին՝ մենք որպես պաղեստինցիներ, դեմ ենք պատերազմին, մենք պաշտոնապես հայտարարեցինք այդ մասին, դեմ ենք խաղաղ բնակիչների, կանանց, երեխաների սպանությանը։ Դեռ չենք կարող կանխատեսել, թե ինչ կլինի, բայց կարող ենք հուսալ, որ չի լինի էսկալացիա, չի լինի պատերազմ, որի հետևանքները դժվար է գնահատել»,- ասել է Աբասը։
Օգոստոսի 12-ին Fox News-ը հայտնել էր, որ Իրանը և տարածաշրջանում նրա դաշնակիցներն առաջիկա 24 ժամվա ընթացքում կարող են հարձակվել Իսրայելի վրա։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: