Գազայի հատվածում հրադադարի մասին համաձայնագիրը կարող է հետ պահել Իրանին ուղիղ պատասխան տալ Իսրայելին՝ Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդներից մեկի՝ Իսմայիլ Հանիայի սպանության համար, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իրանական երեք բարձրաստիճան աղբյուրների:
Աղբյուրներից մեկն ասել է, որ Իրանը և դաշնակիցները, մասնավորապես, Լիբանանի «Հեզբոլլահ» շարժումը, ուղղակի հարձակման կանցնեն, եթե Գազայում բանակցությունները ձախողվեն կամ եթե Թեհրանն զգա, որ Իսրայելը ձգձգում է բանակցությունները: Աղբյուրները չեն նշել, թե որքան ժամանակ Իրանը կսպասի բանակցություններում առաջընթացի հասնելուն, հայտնում է գործակալությունը:
Միաժամանակ, լիբանանյան «Հեզբոլլահ» շարժմանը մոտ կանգնած երկու աղբյուր հայտնել է, որ Թեհրանը բանակցությունների հնարավորություն կտա, սակայն չի հրաժարվի պատասխան հարված հասցնելու մտադրությունից։
Վերջին օրերին Իրանն ինտենսիվ երկխոսություն է վարում արևմտյան երկրների և Միացյալ Նահանգների հետ՝ պատասխան հարվածը «չափորոշելու» ուղիների շուրջ, ասել են աղբյուրները:
Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը գործակալությանը հաստատել էր, որ Վաշինգտոնը խնդրում է Թուրքիային և Իրանի հետ կապեր ունեցող մյուս դաշնակիցներին Թեհրանին համոզել նվազեցնելու լարվածությունը տարածաշրջանում։ Աղբյուրները նաև հայտնել են, որ Իրանը քննարկում է հրադադարի շուրջ բանակցելու համար ներկայացուցիչ ուղարկելու հարցը: Նրանք նշել են, որ Իրանն ուղղակիորեն չի մասնակցի հանդիպումներին, բայց կմասնակցի կուլիսային քննարկումներին՝ «պահպանելու դիվանագիտական կապը Միացյալ Նահանգների հետ՝ բանակցությունները շարունակելու ընթացքում»:
Օգոստոսի 8-ին լրատվամիջոցները հայտնել էին, որ ԱՄՆ-ի, Եգիպտոսի և Կատարի առաջնորդները կոչ են արել Իսրայելին և ՀԱՄԱՍ-ին օգոստոս 15-ին հանդիպել՝ զինադադարի և պատանդների ազատ արձակման համաձայնագիրը վերջնական տեսքի բերելու համար: Երեք միջնորդ երկրները համատեղ հայտարարության մեջ նշել էին, որ բանակցությունները կարող են կայանալ Դոհայում կամ Կահիրեում:
Իսրայելը հայտարարել էր, որ իր ներկայացուցիչները կմասնակցեն բանակցություններին։ Միևնույն ժամանակ, ՀԱՄԱՍ-ը հայտարարել էր, որ ոչ թե պահանջում է հետագա բանակցություններ, այլ պատերազմին վերջ տալու իրական ծրագիր, որը մայիսին ներկայացրել էր ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչը Reuters-ին հաղորդել է, որ տեղեկությունն այն մասին, որ խումբը մտադիր է մասնակցել օգոստոսի 15-ին կայանալիք բանակցություններին, ճիշտ չէ:
Օգոստոսի 13-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: