Իրանի ռազմածովային ուժերը զորավարժություններ են անցկացնում Աստարա քաղաքի շրջանում, որը գտնվում է Կասպից ծովի ափին, հայտնում է Al Arabiya հեռուստաալիքը։
Ըստ լրատվամիջոցի՝ Իրանի Գիլան նահանգում անցկացվող զորավարժությունների նպատակն է «հնարավորինս մանրակրկիտ նախապատրաստել իրանական նավատորմի պաշտպանական ուժերը»:
Al-Arabiya-ն հիշեցնում է, որ սա Իրանում անցկացվող երկրորդ զորավարժությունն է, որը հայտնի է դարձել վերջին երեք օրվա ընթացքում։
Օգոստոսի 11-ին «Ինտերֆաքս»-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում: Զորավարժությունները տեղի են ունենում Իրաքի հետ սահմանի մոտ գտնվող Քերմանշահ նահանգում։ Ըստ զինվորականների՝ զորավարժությունների նպատակը զորքերի մարտունակության և զգոնության բարձրացումն էր։
Օգոստոսի 13-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: