Արեգակի վրա ամենաբարձր մակարդակի նոր հզոր բռնկում է տեղի ունեցել, ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի արևային աստղագիտության լաբորատորիայի ղեկավար Սերգեյ Բոգաչովը։
Նրա խոսքով՝ այսօր Մոսկվայի ժամանակով առավոտյան ժամը 9։40-ին գրանցվել է ամենաբարձր մակարդակի նոր բռնկում՝ նախնական գնահատականներով՝ X1.1 մակարդակ։ Գիտնականը հավելել է, որ դեռ տեղեկություն չկա, թե ուր է ուղղվելու արեգակնային նյութի արտանետումը։ Այս մասին կհայտարարվի ավելի ուշ։
Ըստ աղբյուրի՝ այժմ Երկրի վրա գեոմագնիսական իրավիճակը չափավոր կայուն է։ Բոգաչովի խոսքով՝ օգոստոսի 12-ին տեղի ունեցած խոշոր բռնկումից հետո մագնիտոսֆերան գրեթե ամբողջությամբ վերականգնվել է։