ԱՄՆ Վայոմինգ նահանգի Cody Enterprise փոքր թերթի լրագրողը լքել է աշխատանքը՝ երկու ամիս շարունակ իր հոդվածներին արհեստական ինտելեկտի (AI) կողմից ստեղծված մեջբերումներ ավելացնելուց հետո, հայտնում է ABC-ն։
Նշվում է, որ 40-ամյա Ահարոն Պելչարը, ով նոր է լրագրության ասպարեզում, հասցրել է յոթ հոդված գրել՝ յոթ տարբեր մարդկանց վերագրվող մտացածին մեջբերումներով։ Նրանց թվում է Վայոմինգի նահանգապետ Մարկ Գորդոնը։
Կեղծիքները հայտնաբերել է մրցակից թերթի` Powell Tribune-ի աշխատակիցը: Նա պարբերաբար կարդում էր Cody Enterprise-ի հրապարակումները և նկատել է, որ հոդվածների նախադասություններից շատերը ռոբոտային են։ Միևնույն ժամանակ, մեջբերումները նրան բավականին իրական էին թվում։
Սա առաջին դեպքը չէ, երբ լրատվամիջոցներն օգտագործում են արհեստական ինտելեկտի ստեղծած տեքստերը։ Նոյեմբերի վերջին Futurism-ի լրագրողները մեղադրել էին Sports Illustrated-ին՝ նեյրոնային ցանցի միջոցով ստեղծված կեղծ հեղինակների հոդվածներ հրապարակելու մեջ։ Ամսագրի հրատարակիչը հերքել է մեղադրանքները, սակայն խնդրահարույց հեղինակային պրոֆիլներն անհետացել են կայքից։