Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) վերահաստատել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի և նախկին փոխնախագահ Մայքլ Փենսի վարչակազմին տրված ձախողման գնահատականը՝ Արցախի բնիկ հայերի վրա Ադրբեջանի կողմից հարձակմանը օգնելու, աջակցելու համար, հայտնում է հանձնախմբի մամուլի ծառայությունը։
Հանձնախմբի հայտարարության մեջ նշվում է, որ այդպիսի գնահատականի պատճառն է նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչելուց հրաժարվելը և այնուհետև Կոնգրեսի կողմից այս հանցագործության հիշատակումն ակտիվորեն արգելափակելը, ինչպես նաև Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում կատարված ռազմական հանցագործությունների համար Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար քայլեր չձեռնարկելը։
Հայտարարության մեջ նշվում է, որ Թրամփ-Փենսի վարչակազմը խախտել է Հայաստանին և Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության՝ ԱՄՆ-ում հաստատված հավասարության նախադեպը և կտրուկ ավելացրել է Բաքվին տրամադրվող ռազմական օգնությունը՝ ավելի քան 120 միլիոն դոլար հատկացնելով և փաստացի աջակցելով Ալիևի ռեժիմի ագրեսիային։
Հայ Դատի հանձնախումբը շեշտել է, որ 2020թ․ Արցախի վրա Ադրբեջանի ցեղասպան հարձակումից հետո ԱՄՆ վարչակազմը ոչ մի քայլ չի չձեռնարկել՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների ոտնահարման համար, ինչով փաստորեն խրախուսվել են հետագա ագրեսիաները և Արցախի հայաթափումը։
«Ադրբեջանի կողմից Արցախի էթնիկ զտումները չշտկելը, ապօրինաբար կալանավորված հայ գերիների ազատ արձակումը և արցախահայության վերադարձի միջազգայնորեն երաշխավորված իրավունքը չապահովելը ոչ միայն կխրախուսի Ադրբեջանի ցեղասպանական ձգտումները, այլև վտանգավոր ազդանշան կուղարկի այլ չարաշահող ռեժիմներին, որ Միացյալ Նահանգները պատրաստ են պաշտպանել մարդու իրավունքների, ժողովրդավարության և միջազգային իրավունքի սկզբունքները, երբ այն աշխարհաքաղաքական առումով հարմար է»,- ասվում է հայտարարության մեջ:
Հանձնախումը վարչակազմին մեղադրել է նաև Սիրիայի նկատմամբ Թուրքիայի ագրեսիայի և Արցախի վրա հարձակմանը մասնակցելու վրա աչք փակելու համար։
Հունիսին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Ան Էշուն և Քրիս Սմիթն Արցախում իրականացված էթնիկ զտումը դատապարտող և ադրբեջանցի պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու երկկուսակցական բանաձևի նախագիծ էին ներկայացրել։