Իսրայելի ԱԳՆ-ն Հայաստանում և Իրանին սահմանակից մի շարք այլ պետություններում գտնվող իր քաղաքացիներին խորհուրդ է տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն ցուցաբերել», հայտնում է vesty.co.il կայքը։
Հրապարակման համաձայն՝ Հայաստանից բացի, նախազգուշացումը վերաբերում է Ադրբեջանում, Թուրքմենստանում և Թուրքիայում գտնվող Իսրայելի քաղաքացիներին։ Նշվում է, որ զգուշացումը հրապարակվել է «Իրանի և նրա արբանյակների կողմից իսրայելցիներին հարվածելու փորձերի հետ կապված»։
Օգոստոսի 13-ին Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել էր, որ Իրանն առաջիկա ժամերին կարող է Իսրայելին պատասխան տալու մասին որոշում կայացնել։ Օգոստոսի 11-ին «Ինտերֆաքս»-ը հայտնել էր, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) զորավարժություններ է սկսել Իրանի արևմուտքում:
Օգոստոսի 3-ին ՀՀ ԱԳՆ-ն կոչ էր արել իր քաղաքացիներին ժամանակավորապես զերծ մնալ Լիբանան այցելելուց։
Տարածաշրջանում իրադրությունը սրվել էր հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Իրանը հայտարարել էր պատասխան քայլեր ձեռնարկելու մասին։ ԶԼՄ-ների տվյալներով՝ ԱՄՆ վարչակազմը մտահոգված է, որ Հանիայի սպանությունը կարող է մեծացնել տարածաշրջանային պատերազմի վտանգը։ Tհe New York Times–ը հաղորդել էր, որ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հրամայել է հարված հասցնել Իսրայելին՝ ի պատասխան Հանիայի սպանության: