Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինը հայտարարել է, որ Ուկրաինայի կողմից զինված սադրանքների մեծ հավանականություն կա, գրում է «Բելտա» գործակալությունը։
Այս մասին նա հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ ռազմական անվտանգության հարցերով հանդիպմանը։ Ըստ աղբյուրի՝ Լուկաշենկոն հետաքրքրվել է Ուկրաինայի հետ սահմանին տիրող իրավիճակի մասին, ինչին ի պատասխան Խրենինն ասել է, որ լարվածությունը պահպանվում է։
«Ուկրաինայի զինված ուժերի և սահմանապահ ծառայության կազմավորումները շարունակում են կատարելագործել սահմանային անվտանգության համակարգը և շերտավոր պաշտպանության տարրերը։ Բելառուսի պետական սահմանի երկայնքով ակտիվ գործունեություն են իրականացնում», – ասել է ՊՆ ղեկավարը:
Նա հայտնել է, որ ուկրաինական կողմը շարունակաբար հետախուզություն է իրականացնում, ակտիվորեն օգտագործվում են անօդաչու թռչող սարքեր, և նկատվել են Բելառուսի օդային տարածքը խախտելու փորձեր։
«Հաշվի առնելով սահմանամերձ շրջաններում ուկրաինական զինված կազմավորումների առկայությունը՝ մեր տարածքում զինված սադրանքների նախապատրաստման և իրականացման մեծ հավանականություն կա»,- ասել է Խրենինը։