Ճապոնիային մոտեցող «Ամպիլ» թայֆունը խափանումներ է առաջացրել երկրի տրանսպորտային համակարգում, գրում է Interfax-ը՝ վկայակոչելով The Japan News-ին:
Մասնավորապես, All Nippon Airways-ը և Japan Airlines-ը ուրբաթ օրը Տոկիոյի օդանավակայաններում չեղարկել են 654 ներքին և միջազգային չվերթ։ Թռիչքների չեղարկումներն ու հետաձգումներն ազդել են Օսակայի, Չուբուի և Կանսայի շրջանների օդանավակայանների վրա:
Տոկիո և Նագոյա քաղաքների միջև արագընթաց գնացքների հաղորդակցությունն ընդհատվել է։ Ճապոնիայի մայրաքաղաքում ուրբաթ օրը սահմանափակվել է մետրոյի երթևեկությունը Տոզայ գծով։
Ըստ աղբյուրի՝ վատ եղանակի պատճառով Տոկիոյի «Դիսնեյլենդը» փակ է հանրության համար։ Վերջին տվյալներով՝ Չիբա, Տոկիո և Կանագավա պրեֆեկտուրաներում ավելի քան 1000 տուն մնացել է առանց էլեկտրականության։
Նշվում է, որ «Ամպիլ» թայֆունը կենտրոնացած է Հաչիջո կղզուց շուրջ 100 կմ հյուսիս-արևելք: Թայֆունը շարժվում է 20 կմ/ժ արագությամբ՝ հյուսիսային ուղղությամբ՝ դեպի Չիբա պրեֆեկտուրա (Հոնսյու կղզի)։ Քամու պոռթկումների առավելագույն արագությունը հասնում է 216 կմ/ժ-ի։
Օդերևութաբանների կանխատեսումների համաձայն՝ ավելի ուշ փոթորկի հետևանքով կառաջանան ուժեղ քամիներ, սողանքներ և ջրհեղեղներ Իձու կղզում և Տոկայ, Տոհոկու և Կոշինեցու շրջաններում: