Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանի արևելյան Բեքաա հովտում գտնվող «Հեզբոլլահի» զինամթերքի պահեստին, հայտնում է Reuters-ը։
Հրատարակությունը նշում է, որ հարվածների հետևանքով զոհեր չկան։ Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ 8 անձ է վիրավորվել, որոնցից 6-ը Լիբանանի քաղաքացիներ են, 2-ը՝ սիրիացի երեխաներ:
Ըստ Reuters-ի տվյալների՝ Իսրայելի հետ բախումների սկզբից ի վեր Լիբանանում զոհվել է մոտ 622 մարդ, այդ թվում՝ 416 «Հեզբոլլահի» մարտիկ և 132 խաղաղ բնակիչ։
Օգոստոսի 17-ին Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել էր, որ Իսրայելի ռազմաօդային ուժերը Լիբանանի հարավում ոչնչացրել են շիական «Հեզբոլլահ» շարժման «Ռադվան» հատուկ նշանակության գումարտակի հրամանատարին։
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են իսրայելական գործողության հետևանքով:
Տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։