ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը պաշտոնապես հաստատվել է, նա պետության նախագահի թեկնածուն է Դեմոկրատական կուսակցությունից, հայտնել է СNN-ը։
Չիկագոյում՝ կուսակցության համագումարում, տեղի է ունեցել արարողակարգային քվեարկության ընթացակարգ, որի ընթացքում Հարիսի թեկնածությունը պաշտպանել է 4566 պատվիրակ։
Նախատեսվում է, որ օգոստոսի 22-ին Հարիսը հանդես կգա պաշտոնական ելույթով, հավելել է СNN-ը։
Օգոստոսի 6-ին Հարիսը պաշտոնապես առաջադրվել էր որպես ԱՄՆ Դեմոկրատական կուսակցության նախագահի թեկնածու։
Հուլիսի 21-ին Բայդենը հայտարարել էր մրցապայքարից դուրս գալու մասին։ Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները Բայդենին փոխարինող գտնելու անհրաժեշտության մասին սկսել էին խոսել ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի հետ հեռուստաբանավեճում 81-ամյա նախագահի անհաջող ելույթից հետո։
Հուլիսի 27-ին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը հայտարարել էր որպես նախագահի թեկնածու առաջադրվելու մասին։
ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2024 թվականի նոյեմբերի 5-ին։