«Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» խմբակցության պատգամավորները՝ կուսակցության առաջնորդ Սերգեյ Միրոնովի գլխավորությամբ, Պետդումա կներկայացնեն օրինագիծ, որով առաջարկվում է սեռական բնույթի բռնի գործողությունների համար միգրանտներին զրկել Ռուսաստանի քաղաքացիությունից, գրում է ՌԻԱ Նովոստին։
«Օրենքով առաջարկվում է ընդլայնել այն հանցագործությունների ցանկը, որոնց կատարումը ենթադրում է ՌԴ քաղաքացիության դադարեցում։ Առաջարկվում է ներառել ցանկացած բռնի արարքի կատարում կամ սեռական բնույթի արարքների հարկադրանք»,- նշված է օրինագծի բացատրական գրության մեջ։
Բացի այդ, նախագծով առաջարկվում է Ռուսաստանի քաղաքացիությունից զրկել մահափորձի և իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար։
«Ռուսաստանի որոշ քաղաքներում միգրանտների պատճառով կանայք վախենում են երեկոյան ժամերին դուրս գալ փողոց, և մենք կարծում ենք, որ դրա լուծման միջոցներից մեկը կլինի սեռական բնույթի ցանկացած հանցագործության համար միգրանտներին Ռուսաստանի քաղաքացիությունից զրկելը»,- ասել է Միրոնովը։
Ըստ կայքի՝ այս պահին օտարերկրյա քաղաքացիները կարող են կորցնել իրենց ձեռք բերված Ռուսաստանի քաղաքացիությունը ահաբեկչական և ծայրահեղական բնույթի հանցագործությունների, պատանդ վերցնելու, անօրինական զինված խմբավորում կազմակերպելու, ինչպես նաև ռուսական բանակի մասին կեղծ լուրեր տարածելու և դիվերսիաների, լրտեսության հետ կապված հանցագործություններ կատարելու համար։