Ֆրանսիայի դատարանը երկարաձգել է Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի կալանքի ժամկետը, հայտնել է AFP-ն՝ վկայակոչելով հետաքննությանը մոտ կանգնած աղբյուրին։
Գործակալությունը նշել է, որ կալանքը կարող է տևել առավելագույնը 96 ժամ, որի ավարտից հետո դատավորը կարող է կա՛մ որոշել նրան ազատ արձակել, կա՛մ մեղադրանք առաջադրել։
Գործարարը ձերբակալվել էր օգոստոսի 24-ին՝ ֆրանսիական «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա ժամանել էր Ադրբեջանից։
BFM-ի տվյալներով՝ մեսենջերի հիմնադրին կարող են մեղադրանքներ առաջադրվել մի քանի հոդվածներով, այդ թվում՝ Telegram-ում մոդերացիայի բացակայության պատճառով թմրանյութերի վաճառքին մեղսակցելու, երեխաների դեմ հանցագործությունների և խարդախությունների կետերով։ Ֆրանսիայում Դուրովին կարող են մեղադրել նաև փողերի լվացման և ահաբեկչությանն աջակցելու մեջ։
Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում, Դուրովը Ֆրանսիայի քաղաքացի է 2021 թվականից, ասված է հրապարակման մեջ։
Ֆրանսիայում ՌԴ դեսպանատունը հայտարարել է, որ ֆրանսիական իշխանություններից պահանջել է ապահովել Դուրովի իրավունքների պաշտպանությունը և հյուպատոսական հասանելիություն տրամադրել: