Telegram-ի հիմնադիր, ձերբակալված Պավել Դուրովի թիկնապահին և օգնականին հարցաքննությունից հետո ազատ են արձակել, հայտնում է Le Figaro-ն՝ վկայակոչելով գործին մոտ կանգնած աղբյուրին:
Պարբերականի տեղեկություններով՝ Դուրովի հետ Փարիզ էին ժամանել նրա թիկնապահն ու մի աղջիկ։ Ենթադրվում է, որ վերջինս բլոգեր Յուլյա Վավիլովան է, ում հարազատներն օգոստոսի 25-ին հայտնել էին, որ Դուրովի ձերբակալությունից հետո աղջիկը կապի դուրս չի եկել։
Պարբերականը տեղեկացրել է նաև, որ Դուրովի ձերբակալության ժամկետը դատարանը երկարաձգել է մինչև օգոստոսի 28-ը։ Դատախազությունում բացատրել են, որ խափանման միջոցը կարող է տևել մինչև 96 ժամ, որից հետո դատավորը գործարարին կա՛մ մեղադրանք կառաջադրի, կա՛մ բաց կթողնի:
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։