Ամերիկյան Meta կորպորացիայի ղեկավար Մարկ Ցուկերբերգը խոստովանել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն ընկերության սոցիալական ցանցերի բովանդակությունը գրաքննության ենթարկելու նպատակով իր վրա ճնշում է գործադրել, գրում է Daily Mail-ը։
Meta-ի ղեկավարը հայտնել է, որ Բայդենի վարչակազմի պաշտոնյաները 2021 թվականին կորպորացիայի վրա «բազմիցս ճնշում են գործադրել»՝ պահանջելով գրաքննության ենթարկել COVID-19-ի հետ կապված բովանդակությունը, ներառյալ՝ հումորը և երգիծանքը»։ Նրա խոսքով՝ ԱՄՆ վարչակազմը մեծ դժգոհություն է հայտնել, երբ ընկերությունը դեմ է արտահայտվել գրաքննությանը։
«Կարծում եմ՝ կառավարության ճնշումը սխալ էր։ Ցավում եմ, որ ավելի անկեղծ չէինք այդ հարցում։ Խորապես համոզված եմ, որ որևէ վարչակազմի ճնշման պատճառով մեր բովանդակության ստանդարտների հարցում չպետք է փոխզիջման գնանք»,- հավելել է նա՝ խոստանալով հետագայում հակահարված տալ նման փորձերին։
Ցուկերբերգը խոստովանել է, որ զսպել է իր վերահսկողության տակ գտնվող հարթակներում Սպիտակ տան ներկայիս ղեկավարի որդու՝ Հանթեր Բայդենի նոթբուքի պարունակության մասին պատմության տարածումը, որը կարող էր վկայել նարկոթրաֆիկի, մարմնավաճառությանն ուղղված հանցագործություններին նրա մասնակցության մասին: