Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի եղբոր՝ սոցցանցի համահիմնադիր Նիկոլայ Դուրովի նկատմամբ Ֆրանսիայում հետախուզում է հայտարարվել, հայտնի չէ, թե նա որտեղ է գտնվում, գրել է Politico-ն՝ վկայակոչելով վարչական փաստաթղթերը։
«Մարտի 25-ին Ֆրանսիայի իշխանությունները Telegram-ի գլխավոր տնօրենին և նրա եղբորը ձերբակալման օրդեր են տվել»,- ասվում է հրապարակման մեջ։
Փաստաթղթերի համաձայն՝ Ֆրանսիայի իրավապահ մարմինները մի քանի ամիս առաջ Telegram-ի վերաբերյալ գաղտնի հետաքննություն էին սկսել։ Նշվում է, որ գործը երեխաների նկատմամբ սեռական բռնության հետաքննության հարցում Telegram-ի կողմից ոստիկանության հետ համագործակցությունից հրաժարվելուն է վերաբերում:
Եղբայրներին մեղադրում են «կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պահելու, տարածելու, առաջարկելու կամ տրամադրելու օժանդակության» մեջ։
«Այս փուլում գործով հարցաքննվում է միայն Դուրովը»,- հայտարարել են Ֆրանսիայի դատախազությունից: