Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախկին փոխնախարար, պահեստազորի գեներալ Պավել Պոպովը ձերբակալվել է առանձնապես խոշոր չափերի խարդախության կասկածանքով, գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոյին։
«2021-2024 թվականներին Պոպովը, պատասխանատու լինելով «Патриот» զբոսայգու զարգացման, պահպանման և շահագործման համար, հարստացել է այս հաստատության հաշվին՝ համագործակցելով այգու տնօրեն Վյաչեսլավ Ախմեդովի և ՌԴ ՊՆ նորարարական զարգացման գլխավոր տնօրինության ղեկավարի տեղակալ Վլադիմիր Շեստերովի հետ, ովքեր նախկինում քրեական պատասխանատվության էին ենթարկվել»,- պարզաբանել է Պետրենկոն։
Ըստ հետաքննության՝ «Պոպովն այգու հաշվին կազմակերպել է շինարարական և վերանորոգման աշխատանքներ, ինչպես նաև տարբեր նյութական միջոցների մատակարարում Մոսկվայի մարզի Կրասնոգորսկի շրջանում գտնվող իր առանձնատան համար»։ Բացի այդ, ըստ հետաքննության, Պոպովն իր ենթակաների միջոցով ստիպել է այգու հետ աշխատող առևտրային կազմակերպությունների ղեկավարներին շինարարական-մոնտաժային աշխատանքներ կատարել՝ առանց դրանց դիմաց վճարելու։
Լրատվամիջոցը հայտնում է, որ տան կառուցումից և տեղանքի բարեկարգումից հետո Պոպովը շարունակել է այգու հաշվին ապահովել իր մոտ 3 հեկտար տարածքի տեխնիկական և տնտեսական սպասարկումը։
«Քննչական գործողությունների ընթացքում պարզվել է, որ բացի նշված հողամասից՝ Պոպովը և նրա ընտանիքի անդամները ձեռք են բերել անշարժ գույք Մոսկվայի, Մոսկվայի մարզի և Կրասնոդարի երկրամասի հեղինակավոր տարածքներում։ Պոպովի գործով ամբաստանյալներ Ախմեդովն ու Շեստերովը բերման էին ենթարկվել ավելի վաղ՝ օգոստոսին։ Դատարանը Ախմեդովին ուղարկել է քննչական մեկուսարան, իսկ Շեստերովին դատապարտել է տնային կալանքի։ Նշվում է, որ երկուսն էլ ընդունել են իրենց մեղքը։
Պոպովը ՌԴ պաշտպանության փոխնախարարի պաշտոնն զբաղեցրել է 2013-2024 թվականներին։