Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը ծրագրում է բնակարան վարձել Փարիզի կենտրոնում, որտեղ սպասելու է Telegram-ի գործով դատավարությանը, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Paris Match ամսագրին։
«Նա արդեն հանձնարարել է անշարժ գույքի գործակալներին՝ իր համար տուն գտնել Փարիզի «գեղեցիկ վայրերում»: Քանի որ բյուջեն խնդիր չէ, նա մտադիր է տեղափոխվել արդեն հաջորդ շաբաթվա վերջին»,- գրել է ամսագիրը։
Հրատարակությունը հրապարակել է նաև լուսանկար, որում Դուրովը 24-ամյա Յուլյա Վավիլովայի ընկերակցությամբ նկարահանվել է Ելիսեյան այգիներում զբոսնելիս։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Telegram-ի հիմնադրին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում։ Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։