ԱՄՆ կառավարությունն առգրավել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կողմից օգտագործվող ինքնաթիռը, որը, ըստ պաշտոնյաների, անօրինական կերպով գնվել է կեղծ ընկերության միջոցով և մաքսանենգ ճանապարհով դուրս բերվել Միացյալ Նահանգներից՝ խախտելով պատժամիջոցները և արտահանման վերահսկման օրենքները, հայտնում է Associated Press-ը։
Ինքնաթիռն առգրավվել է Դոմինիկյան Հանրապետությունում և փոխանցվել Ֆլորիդայի դաշնային պաշտոնյաների հսկողությանը։
Ըստ ամերիկացի պաշտոնյաների՝ Վենեսուելայի առաջնորդի գործընկերներն օգտագործել են Կարիբյան կեղծ ընկերություն՝ Ֆլորիդայում գտնվող ընկերությունից 13 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռի գնմանն իրենց մասնակցությունը թաքցնելու նպատակով։ 2023 թվականի ապրիլին կնքված գործարքով ինքնաթիռն ԱՄՆ-ից Կարիբյան ավազանով արտահանվել էր Վենեսուելա՝ շրջանցելով Մադուրոյի ռեժիմի ներկայացուցիչների հետ գործարք կնքելու արգելքը:
Նշվում է, որ ինքնաթիռը Մադուրոն օգտագործել է արտասահմանյան ճանապարհորդությունների համար, այդ թվում՝ այս տարվա սկզբին Գայանա և Կուբա կատարած ուղևորությունների ժամանակ: Այն նաև ներգրավված էր դեկտեմբերին Վենեսուելայում բանտարկված մի քանի ամերիկացիների և Մադուրոյի մերձավոր դաշնակից Ալեքս Սաաբի փոխանակման գործընթացի մեջ:
Բռնագրավման մասին հայտարարությունը հնչել էր մեկ ամիս անց, երբ Վենեսուելայի իշխող կուսակցությանը հավատարիմ ընտրական մարմինները Մադուրոյին հայտարարել էին նախագահական ընտրությունների հաղթող՝ իրենց պնդումը հիմնավորելու համար չցուցադրելով որևէ արդյունք: Ընտրությունների թափանցիկության բացակայությունն արժանացել էր միջազգային դատապարտման: Ըստ AP-ի՝ ընդդիմությանը հաջողվել էր հավաքել ձայների ավելի քան 80%-ը, և Մադուրոն մեծ տարբերությամբ պարտվել էր նախկին դիվանագետ Էդմունդո Գոնսալեսին: