Եմենի «Անսար Ալլահ» (հուսիթներ) շարժման մարտիկները հրթիռներով հարձակվել են Կարմիր ծովում գտնվող Blue Lagoon I նավի վրա, հայտնել է շարժումը։
«Եմենի զինված ուժերը Կարմիր ծովի ափին հարձակվել են Blue Lagoon I նավի վրա՝ կիրառելով նախազգուշական միջոցներ և հրթիռներ»,- ասված է շարժման հայտարարության մեջ:
Հուլիսի 19-ին հուսիթներն անօդաչու թռչող սարքի կիրառմամբ հարված էին հասցրել Թել Ավիվին։ Հուլիսի 20-ին իսրայելական կործանիչներն ավիահարված էին հասցրել Եմենին՝ ի պատասխան Թել Ավիվի վրա հուսիթների արձակած անօդաչու թռչող սարքերով հարձակման։ Հուսիթները հուլիսի 21-ին հայտարարել էին, որ բալիստիկ հրթիռներով հարվածներ են հասցրել Իսրայելի հարավում գտնվող Էյլաթ քաղաքի թիրախներին։
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։