Ֆրանսիայի ԱԳՆ-ն իր քաղաքացիներին խորհուրդ է տվել առանց լուրջ պատճառների չայցելել Ադրբեջան։
Գերատեսչության հաղորդագրության մեջ նշվում է, որ Ֆրանսիայի քաղաքացիները, այդ թվում՝ երկքաղաքացիները, անկախ նրանից՝ մշտական բնակիչ են, թե ժամանակավոր այցելու, Ադրբեջանում ենթարկվում են ձերբակալության, կամայական կալանքի և անարդար դատավարության:
«Այս ռիսկը կարող է հատկապես վերաբերել այն մարդկանց, ովքեր այցելում են պարզ զբոսաշրջային այցով կամ գործուղմամբ: Ձերբակալության կամ կալանավորման դեպքում հիմնարար իրավունքների հարգանքը երաշխավորված չէ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Գերատեսչության տվյալներով՝ Ադրբեջանում ձերբակալված Ֆրանսիայի ցանկացած քաղաքացի կենթարկվի ժամանակավոր կալանքի կամ երկրից հեռանալու արգելքի, որը կարող է տևել մի քանի ամիս, ինչպես նաև երկարաժամկետ ազատազրկման, որոնք կարող են հաշվի չառնել պաշտպանական կողմի իրավունքները։
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև «խստիվ խորհուրդ չի տվել մեկնել Հայաստանի հետ սահմանամերձ շրջաններ, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին ինքնավար մարզի տարածք և հարակից շրջաններ»։
Ավելի ուշ Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է այս հայտարարությունը` այն անվանելով «անհիմն», ինչպես նաև հայտարարել, որ Փարիզի նման որոշումներն ու հայտարարությունները վկայում են «Ադրբեջանի հետ հարաբերություններն է՛լ ավելի սրելու մտադրության մասին»:
Ապրիլի 2-ին Ադրբեջանում երեք ամսով կալանավորվել էր Ֆրանսիայի քաղաքացի Կլերկ Տեգո Հյուգոն՝ Բաքվի մետրոյի գնացքների պահեստ ներխուժելու քրեական գործով։ 2023 թվականի դեկտեմբերին Ադրբեջանը ձերբակալել էր Ֆրանսիայի քաղաքացի Մարտին Ռայանին՝ լրտեսության կասկածանքով։ Հունվարի 10-ին Ֆրանսիայի ԱԳՆ-ն Ռայանի կալանավորումն անվանել էր «կամայականություն» և պահանջել անհապաղ ազատ արձակել նրան։