ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի և «Россия сегодня» մեդիա խմբի մեջ մտնող լրատվամիջոցների նկատմամբ, հայտնում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Գերատեսչությունը նշված ԶԼՄ-ներին անվանել է «օտարերկրյա ներկայացուցչություններ» և մեղադրել ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու Մոսկվայի գործիք լինելու մեջ։
Ըստ ԱՄՆ-ի ֆիննախի՝ Սիմոնյանը «Ռուսաստանի կառավարության կործանարար ազդեցության ջանքերի կենտրոնական դեմքն է»։ Սիմոնյանից բացի պատժամիջոցների ցանկում են նաև մեդիախմբի որոշ ներկայացուցիչներ։ Ցանկում ընդգրկված անձանց պատկանող ու ԱՄՆ-ում գտնվող ամբողջ գույքն արգելափակված է և պետք է զեկուցվի Օտարերկրյա ակտիվների վերահսկողության գրասենյակին (OFAC)։
«Այսօրվա պատժամիջոցները լրացնում են արդարադատության նախարարության կողմից ձեռնարկված իրավապահ գործողությունները, ինչպես նաև Պետդեպարտամենտի կողմից «Россия сегодня» մեդիա խմբի և նրա հինգ դուստր ձեռնարկության՝ «Ռիա նովոստի»-ի, Sputnik-ի, RT-ի, TV-Novosti-ի և Ruptly-ի նկատմամբ սանկցիա կիրառելու գործողությունները»,- ասվում է փաստաթղթում։
Ինչպես նշել են գերատեսչությունից, ամերիկյան իշխանությունները այս լրատվամիջոցները կներառեն օտարերկրյա առաքելությունների ցանկում և քայլեր կձեռնարկեն մուտքի արտոնագրերի սահմանափակումներ մտցնելու և ԱՄՆ ընտրություններին օտարերկրյա միջամտության մասին տեղեկատվության համար մինչև տասը միլիոն դոլար պարգև հայտարարելու համար։
Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում հաղթելու է ամերիկացի ժողովրդի ընտրած թեկնածուն, և Ռուսաստանի գործն է չմիջամտել և չհետևել այդ գործընթացին։