2003 թվականից ի վեր առաջին անգամ աշխարհահռչակ ֆուտբոլիստներ 39-ամյա պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն և 37-ամյա արգենտինացի Լիոնել Մեսսին չեն ընդգրկվել ֆրանսիական France Football ամսագրի կողմից շնորհվող «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակում, հայտնում է L’Equipe-ը։
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միության (ՈՒԵՖԱ) կայքում հրապարակվել է 30 հավակնորդների ցուցակը։ Դրանում, մասնավորապես, ընդգրկվել են արգենտինացի Էմիլիանո Մարտինեսը, անգլիացի Հարի Քեյնն ու Ֆիլ Ֆոդենը, ֆրանսիացի Կիլիան Մբապեն, իսպանացի Լամին Յամալը։
Հատկանշական է, որ այս տարի հայտացուցակի բոլոր խաղացողները հանդես են գալիս Եվրոպայի առաջնություններում։ 2023 թվականից Ռոնալդուն հանդես է գալիս Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասրում», իսկ Մեսսին՝ ամերիկյան MLS լիգայի «Ինտեր Մայամիում»:
Նախորդ տարիներին Կրիշտիանու Ռոնալդուն և Լիոնել Մեսսին ոչ միայն հետևողականորեն կազմում էին «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը, այլև պարբերաբար արժանանում էին այս մրցանակին։ Պորտուգալացին այն ստացել է հինգ անգամ (2008, 2014, 2015, 2016 և 2017 թթ.), իսկ արգենտինացին՝ ութ անգամ (2009, 2010, 2011, 2012, 2015, 2019, 2021 և 2023 թթ.):
Մրցանակի պատմության մեջ ամենաշատ «Ոսկե գնդակներ» ստացած ֆուտբոլիստների ցուցակում (տրվում է 1956 թվականից) Ռոնալդուն և Մեսսին զբաղեցնում են համապատասխանաբար երկրորդ և առաջին տեղերը։