Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովն առաջին անգամ մեկնաբանել է իր ձերբակալությունը: Telegram-ի իր ալիքում նա գրել է, որ Փարիզ ժամանելուց հետո նրան չորս օր հարցաքննել են ոստիկանությունում։
Դուրովը նշել է, որ Ֆրանսիայի ոստիկանության կողմից իրեն ձերբակալելը, հարցաքննելն անակնկալ էին իր համար, քանի որ Ֆրանսիայի իշխանություններն իր հետ կապ հաստատելու տարբեր միջոցներ ունեին։
«Որպես Ֆրանսիայի քաղաքացի՝ ես հաճախակի հյուր էի գնում Դուբայի Ֆրանսիայի հյուպատոսարան։ Որոշ ժամանակ առաջ, երբ ինձ խնդրեցին, ես անձամբ օգնեցի նրանց Telegram-ի հետ թեժ գիծ հաստատել՝ Ֆրանսիայում ահաբեկչության սպառնալիքի դեմ պայքարելու համար: Եթե երկիրը դժգոհ է ինտերնետային ծառայությունից, ապա հաստատված պրակտիկան հենց ծառայության դեմ դատական հայց ներկայացնելն է։ Սխալ մոտեցում է գործադիր տնօրենին մեղադրել մի հանցագործության մեջ, որն արել է երրորդ անձը՝ տնօրենի կողմից շահագործվող հարթակում»,- ասել է Դուրովը։
Նա շեշտել է, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի նոր գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել այդ գործիքների հնարավոր չարաշահման համար:
«Հուսով եմ՝ օգոստոսյան իրադարձությունները կհանգեցնեն նրան, որ Telegram-ը և սոցիալական մեդիայի արդյունաբերությունը, որպես ամբողջություն, կդառնան ավելի անվտանգ և ուժեղ»,- եզրափակել է Դուրովը։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։ Դուրովին մեղադրում են «կազմակերպված խմբի կազմում անչափահասների պոռնոգրաֆիկ պատկերներ պահելու, տարածելու, առաջարկելու կամ տրամադրելու օժանդակության» մեջ, որի համար նախատեսվում է ազատազրկում՝ մինչև 20 տարի ժամկետով։