Telegram-ը չի վերահսկի մասնավոր զրույցները, տեղեկացնում է BFM-ն՝ նկատի ունենալով նամակագրությունը պաշտպանված լինելու մասին ենթակետի փոփոխությունը։
Ըստ աղբյուրի՝ տեղեկատվություն է տարածվում, թե Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալությունից հետո մեսենջերը փոխել է իր մոդերատորության քաղաքականությունը, ինչի վերաբերյալ Ֆրանսիայի իշխանությունները դժգոհություններ են ստացել:
«Նամակագրության գաղտնիության մասին ենթակետը գտնվում է բաժնի հաջորդ պարբերությունում, այն չի հանվել: Telegram-ի թիմը չի մշակում մասնավոր նամակագրության բովանդակությունը վերանայելու հարցումները»,- գրում է աղբյուրը։
Դուրովին ձերբակալել էին օգոստոսի 24-ին՝ Փարիզի «Լե Բուրժե» օդանավակայանում, ուր նա Բաքվից ժամանել էր մասնավոր ինքնաթիռով: Դուրովը 2021 թվականից Ֆրանսիայի քաղաքացի է։ Telegram-ի հիմնադրի կալանքի ժամկետը լրացել էր օգոստոսի 28-ին։ Նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել՝ Ֆրանսիայից չմեկնելու պայմանով։
Սեպտեմբերի 6-ին Դուրովը մեկնաբանել էր իր ձերբակալությունը՝ շեշտելով, որ ոչ մի նորարար երբեք չի ստեղծի նոր գործիքներ, եթե իմանա, որ կարող է անձամբ պատասխանատվություն կրել այդ գործիքների հնարավոր չարաշահման համար: