Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածների հետևանքով սպանվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման բարձրաստիճան պաշտոնյա՝ Ներքին անվտանգության ծառայության պետի տեղակալ Մուհամեդ Մուրսին, հայտնում է The Times of Israel-ը։
Նա և իր երեք հարազատներն սպանվել են Ջեբալիա քաղաքում գտնվող տան վրա հարձակման հետևանքով։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է առնվազն 50 արկ։ Իսրայելի ռազմաօդային ուժերը պատասխան կրակ են բացել՝ հարվածներ հասցնելով Լիբանանի հարավում գտնվող Հեզբոլլահի ռազմական օբյեկտներին:
2023-ի հոկտեմբերի 7-ի առավոտյան պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել էր Իսրայելի դեմ «Ալ-Աքսա ջրհեղեղ» ռազմական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելական բանակն ի պատասխան՝ հայտնել էր Գազայի հատվածում «Երկաթե սրեր» հակաահաբեկչական գործողության մեկնարկի մասին։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել էր, որ Իսրայելը կպատերազմի ՀԱՄԱՍ-ի դեմ մինչև վերջնական հաղթանակ։ Euronews-ը, հղում անելով Գազայի առողջապահության նախարարությանը, հուլիսի 31-ին հայտնել էր, որ 2023-ի հոկտեմբերի 7-ից ի վեր ավելի քան 40 000 պաղեստինցի է սպանվել և շուրջ 84 700-ը վիրավորվել են:
Մերձավոր Արևելքի տարածաշրջանում իրադրությունն ավելի էր սրվել հուլիսի 30-ին` Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման առաջնորդ Իսմայիլ Հանիայի սպանությունից և Բեյրութի ուղղությամբ իսրայելական ավիահարվածի հետևանքով «Հեզբոլլահի» բարձրաստիճան հրամանատար Ֆուադ Շուքերի զոհվելուց հետո: Հանիայի մահից հետո Գազայի հատվածում պաղեստինյան շարժման առաջնորդ Յահյա Սինվարը նշանակվել էր ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար։
Իսրայելի ԱԳՆ-ն օգոստոսի 15-ին Հայաստանի և Իրանի հետ սահմանակից մի շարք այլ պետություններում իր քաղաքացիներին խորհուրդ էր տվել «առավելագույն զգոնություն և զգուշություն» ցուցաբերել։