Վիետնամում «Յագի» թայֆունի հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, 140-ը համարվում է անհետ կորած, տեղեկացնում է Reuters-ը։
Տեղի իշխանությունների տվյալներով՝ ամենաշատ մահերն ու անհետ կորածները գրանցվել են երեք նահանգում՝ Լաո Կայ, Կաո Բանգ և Յեն Բայ։ Աղետը նաև զգալի նյութական վնաս է պատճառել՝ ջրի տակ է անցել ավելի քան 101 հազար տնային տնտեսություն, վնասվել են ճանապարհներ, էլեկտրահաղորդման գծեր, հաղորդակցություն։
Բացի այդ, ջրհեղեղը ոչնչացրել է բրնձի ավելի քան 160 հազար հեկտար ցանքատարածություն, մոտ 30 հազար հա գյուղատնտեսական այլ մշակաբույսեր և 16 հազար հեկտար պտղատու տնկարկներ։
Հանոյի որոշ դպրոցներ աշակերտներին խորհուրդ են տվել մնալ տանը, ցածրադիր շրջանների հազարավոր բնակիչներ տարհանվել են, հայտնում են կառավարության և պետական լրատվամիջոցները:
Այս պահին Վիետնամի մայրաքաղաքում պահպանվում է ջրհեղեղի վտանգը քաղաքի որոշ շրջաններում։ Հոնգ Հա գետի մակարդակն արդեն 0,26 մ-ով գերազանցել է երկրորդ հեղեղումների վտանգի մակարդակը և շարունակում է արագորեն բարձրանալ։ Պատնեշի երկայնքով ավելի քան հազար տնային տնտեսություններ տարհանվել են։ Առաջիկա 24 ժամվա ընթացքում կանխատեսվում է գետի ջրի մակարդակի անկում մինչև նախկին մակարդակները։
Վիետնամի ժամանակակից պատմության մեջ «Յագի» թայֆունի հետևանքով առաջացած ներկայիս ջրհեղեղն արդեն ճանաչվել է ամենահզորներից մեկը։
Սեպտեմբերի 8-ին հայտնել էինք, որ Վիետնամում թայֆունի հետևանքով զոհվել է առնվազն 14, վիրավորվել՝ 176 մարդ։