Եվրոպական դատարանը Apple-ին պարտավորեցրել է Իռլանդիային վճարել 13 միլիարդ եվրո չվճարված հարկեր՝ վերջ տալով ութամյա դատական պայքարին, հայտնում է BBC-ն:
«Եվրահանձնաժողովն ի սկզբանե Իռլանդիային էր մեղադրել Apple-ին ապօրինի հարկային արտոնություններ տրամադրելու համար, Դուբլինը հետևողականորեն պնդում էր իր գործողությունների օրինականությունը, սակայն դատարանը համաձայնել է մեղադրող կողմի վարկածին»,- գրում է լրատվամիջոցը։
Apple-ի մամուլի ծառայությունը հիասթափություն է հայտնել այս կապակցությամբ՝ ասելով, որ Եվրահանձնաժողովը «փորձում է վերաշարադրել կանոնները հետադարձ ուժով»։
Ըստ աղբյուրի՝ Իռլանդիայի իշխանություններն անօրինական կերպով ընկերությանը տրամադրել են հարկային արտոնություններ, ուստի այժմ Apple-ը պետք է հետադարձ կերպով փակի այդ տարբերությունը։
«Սկզբում խոսքը գնում էր 1991-2014 թվականների ժամանակաշրջանի և Իռլանդիայում տեղակայված Apple-ի երկու դուստր ձեռնարկությունների ստացած շահույթների հարկման կարգի մասին։ Ընկերությանը տրամադրված հարկային արտոնությունները համարվում էին անօրինական, քանի որ Apple-ի մրցակիցները, որոնք գտնվում էին Իռլանդիայից դուրս, չէին կարող նման ֆինանսական աջակցություն ստանալ»,- գրում է BBC-ն:
Սակայն Դուբլինը հրաժարվել էր ընկերությունից հավելյալ վճարումներ ընդունել և որոշումը բողոքարկել էր Եվրոպական դատարան, որը չեղարկել էր այն 2020 թվականին։ Այժմ վերադաս դատարանն արդեն բեկանել է այս դատավճիռը` ֆորմալ առումով այն հիմքով, որ այն պարունակում է իրավական սխալներ:
«Այս դեպքը կապ չունի մեր վճարած հարկերի հետ։ Ամբողջ վեճն այն է, թե որ երկրի իշխանություններին պետք է վճարենք։ Մենք միշտ վճարում ենք բոլոր պահանջվող հարկերը՝ անկախ նրանից, թե որտեղ ենք աշխատում»,- ասվում է Apple-ի հայտարարության մեջ:
Եվրոպական դատարանի որոշումը նշանակում է, որ Իռլանդիան պետք է վերականգնի Apple-ից չվճարված հարկերը, ինչից Դուբլինը փորձում էր խուսափել ութ տարի դատական գործընթացների ընթացքում: